• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ՀՀ-ԵՄ հարաբերությունները կայուն զարգանում են նաև անվտանգության ոլորտում. ԱԽ քարտուղար

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 20-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակության հետ: Արմեն Գրիգորյանն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով.

«Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծել եմ, որ ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, որը ներառում է նաև անվտանգության ոլորտը: Բարձր եմ գնահատել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում և ընդգծել, որ այն նպաստում է ավելի կայուն ու անվտանգ տարածաշրջան ունենալուն»:

Նատալի Լուազոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկկողմ բարեկամական հարաբերությունները և համագործակցությունն ամրացնելու համար անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել՝ հատկապես Հայաստանի համար նման դժվարին քաղաքական պայմաններում: