Քաջարանի հանքաշինական մասնագիտացված վարչությունը մինչև 1971
թվականը գործում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կազմում, որպես
ստորգետնյա և վերգետնյա արտադրական կառույցների շինարարություն
իրականցնող արտադրամաս:
Հետագայում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների աճի հետևանքով, անհրաժեշտություն
առաջացավ ստեղծել մի այնպիսի հատուկ շինարարական հզոր
կազմակերպություն, որը կարող էր ինքնուրույն լուծել պահանջվող նոր
կառույցների շինարարության հետ կապված հարցերը: 1971 թվականից նշված
շինարարական արտադրամասը առանձնացվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից և միացվեց «Արփա-Սևան» շինարարական կազմակերպությանը: 1973 թվականից
այն հանվեց «Արփա-Սևան»-ի կազմից, անվանակոչվեց «Քաջարանի
հանքաշինական մասնագիտացված վարչություն» և մտցվեց ՍՍՀՄ գունավոր
մետալուրգիայի նախարարության «Սոյուզշախտստրոյ» գիտա-արտադրական
միավորման կազմի մեջ:
Իր գործունեության ընթացքում ընկերությունը կատարել է Զանգեզուրի
պղնձամոլիբդենային կոմբինատի, Կապանի հանքահարստացուցիչ կոմբինատի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գրեթե բոլոր կարևորագույն օբեկտների շինարարությունը: Կարող եմ նշել՝ Քաջարան-Արծվանիկ 39 կմ-անոց թափուկատարը, որի 18,5 կմ-ը թունելներ
էին՝ 4 խոշոր դյուկերներով, ինչպես նաև մի շարք այլ ջրահեռացման շրջանցիկ
թունելներ:
Ընկերությունը կառուցել է երեք պոչամբար՝ իրենց ստորգետնյա
կոմունիկացիաներով, 5 հատ ջրահեռացման աշտարակ՝ 12 մ տրամագծով և 49 մ
բարձրությամբ, Կապանի ԼՀԿ տրանսպորտային թունելները,
Գեղանուշի թափուկավայրը՝ իր շրջանցիկ թունելով, Ագարակի կոմբինատի
տրանսպորտային թունելը, թափուկավայրի ընդլայնման, ջրահեռացման
խողովակաշարերի վերգետնյա և ստորգետնյա հատվածների, ինչպես նաև երեք
ջրընդունիչ աշտարակների տեղադրման աշխատանքները և այլն:
Ընկերությունը ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում Կապանի սոցիալ-
տնտեսական կյանքում: Այն իր աշխատակիցների համար սեփական միջոցներով
կառուցել է 3 հատ 9 հարկանի 36 բնակարանոց բնակելի շենք, Կապանի
ատամնաբուժական պոլիկլինիկայի շենքը և այլ սոցիալ-մշակույթային
կառույցներ:
Ընկերությունն արդյունաբերության բնագավառում միակ հատուկ
մասնագիտացված շինարարական կազմակերպությունն էր և դրա
գործունեությունը խիստ անհրաժեշտ էր մեր տնտեսության համար, հատկապես՝
Սյունիքի մարզի համար, որտեղ կենտրանացված են լեռնահանքային
արդյունաբերության երեք խոշոր կոմբինատները: Կոմբինատների
սեփականաշնորհումից հետո, նրանց կողմից լրիվ անուշադրության մատնվեց
ընկերությունը: Վերջինս չապահովվեց անհրաժեշտ շինարարական
պատվերներով, ինչի արդյունքում աշխատատեղերը կտրուկ կրճատվեցին, տեղի
ունեցավ մասնագետների արտահոսք (դեպի Ռուսաստան և այլն) և ի հայտ եկան
ֆինանսական խնդիրներ: Արդյունքում «Թունել» ՓԲԸ-ն լուծարվեց՝
տարածաշրջանում հատուկ մասնագիտացված շինարարական աշխատանքների
ոլորտը թողնելով թափուր:
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ