• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ԵՊՀ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով՝ նվիրված Արևելյան հարևանության երկրներում ԵՄ ժողովրդավարության աջակցության հիմնախնդիրներին

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ընթանում է «Հետադարձ հայացք գցելով և շարժվելով առաջ. ԵՄ-ն և ժողովրդավարության աջակցությունը մասնատված և խնդրահարույց հարևանությունում» խորագրով միջազգային գիտաժողովը։

Այն կազմակերպվել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նախաձեռնությամբ Հորիզոն Եվրոպա «ԵՄ ժողովրդավարության աջակցության վերակարգավորումը․ դեպի կայուն ժողովրդավարություն Արևելյան հարևանությունում» (REDEMOS) ծրագրի շրջանակում։

Միջոցառման օրակարգում է Արևելյան հարևանության երկրներում ԵՄ ժողովրդավարության աջակցության հիմնահարցերի քննարկումը։ Գիտաժողովի մասնակից փորձագետները կկիսվեն իրենց տեսակետներով Հայաստանի ժողովրդավարական փոխակերպումների, ավտորիտար սպառնալիքների և տարածաշրջանային ռիսկերի վերաբերյալ:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ կարևորելով նման կարևոր թեմաների քննարկումը և միջոցառումների անցկացումը համալսարանում։

Զեկուցմամբ հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Միջոցառմանը ներկա են ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպաններ, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, ԵՊՀ դասախոսներ, ուսանողներ։