• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Ատոմակայանում շարունակվում են վերանորոգման աշխատանքները

Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) ընթացքի մեջ են պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)՝ 2024 թվականի համար նախատեսված աշխատանքները, որոնք տեղի են ունենում սահմանված ժամանակացույցով և կավարտվեն օգոստոս ամսի առաջին 10-օրյակում: Այդ մասին ասվում է ՓԲԸ  հաղորդագրությունում:

«ՊՆՎ-2024-ի շրջանակներում իրականացվելու են կայանի շահագործման անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես՝ ռեակտորային կայանքի հիմնական վերանորոգում, 3-րդ տուրբինի և 3-րդ տուրբոգեներատորի հիմնական նորոգում, 4-րդ տուրբինի ընթացիկ և 4-րդ տուրբոգեներատորի միջին նորոգում, ռեակտորի իրանի հիմնական մետաղի և ներիրանային սարքերի վերանորոգում և վերահսկում, վթարային կարգավորիչ, փոխհատուցիչ կասետների (ՎԿՓԿ) շարժաբների առանցքակալների փոխարինում և հետազոտություն, գլխավոր փակիչի կափույրի հիմնանորոգում և զննում՝ Շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի շրջանակում:

Ընթացող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են նաև «ՀԱՅԱՏՈՄ», «Էներգոնորոգգարանտ», «Վոլտ Ամպեր», «ԻՍ ԷՆԵՐՋԻ», «ՊՐՈԹԵՐՄ», «ՊՐՈՄՄՈՆՏԱԺ» ընկերություններից, ինչպես նաև Ռուսաստանից, Խորվաթիայից, Չեխիայից և Ուկրաինայից ժամանած փորձառու մասնագետներ:

ՊՆՎ-2024-ի ավարտին հաջորդող փորձարկումների և ստուգումների արդյունքում տրված փորձագիտական դրական եզրակացության հիման վրա ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը կմիանա Հայաստանի միասնական էներգահամակարգին»,- ընդգծվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ում պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները մեկնարկել են մայիսի 15-ից եւ կտեւեն 95 օր։ ՊՆՎ-ի ժամանակահատվածում պետք է աշխատանքներ իրականացվեն կայանը վառելիքով լիցքավորելու ուղղությամբ և սկսվեն հիմնական սարքավորումների զննումը ՝ ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման (մինչև 2036թ.) ծրագրի իրականացմանն ուղղել 65 մլն դոլար: Ծրագրի իրականացման աշխատանքներով զբաղվում է “Ռուսատոմ Սերվիսը”, որի հետ կնքվել է համապատասխան համաձայնագիր: Նախագծի պատվիրատուն Հայկական ԱԷԿ-ն է, որը պետական միջոցներ կստանա բյուջետային վարկի տեսքով ։ Մինչև 2036 թվականը նախատեսվում է շահագործման հանձնել նոր ատոմային բլոկ, որի հզորությունների վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են: