33 տարի է լույսի բացվելուն պես բացվում է նաև կոշկակար Անդոյի վագոն-տնակի դուռը: Քաղաքում հայտնի կոշկակարի կարի մեքենայի ձայնը տարիներ շարունակ գրեթե չի դադարում: Բնական կաշվի, սոսնձի և տաք վառարանի հոտը , միախառնվելով վարպետի ծխամորճի բույրի հետ, ստեղծում են մի ուրույն կոլորիտային միջավայր: «17 տարեկանից կոշիկի գործի մեջ եմ, սիրում եմ իմ մասնագիտությունը, կոշիկի հետ բարեխիղճ եմ վարվում , կոշիկին` հասկանալով մոտենում»,- խորհրդավոր ժպիտով ասում է վարպետ Անդրանիկը, հետո ափսոսանքով շարունակում,- «ուսումս կիսատ մնաց, 9-րդ դասարանից հանեցին դպրոցից, որպես վատ աշակերտի։ Պապաս ինձ տարավ Բանգլադեշի ,,Նաիրի,, կոշիկի ֆաբրիկա»: Ակնածանքով է հիշում իր առաջին վարպետին, ով արհեստի բոլոր նրբություններն անթաքույց փոխանցել է իրեն։ «Նաիրի» ֆաբրիկայից մինչև սեփական փոքրիկ արհեստանոց աշխատանքային գործունեության ողջ ճանապարհին նրա առաքելությունն է եղել կոշիկի կյանքը երկարացնել ևս մի տարով: Աշխատելուն զուգահեռ, դեռևս 18-ը չբոլորած Անդրանիկը սովորել է երեկոյան դպրոցում։ Դա այն ժամանակի պահանջն էր․ թերի ուսուցում ստացած ցանկացած աշակերտ պարտավոր էր կրթությունը շարունակել լիցեյում։ Կոշկակար Անդրանիկն այսօր էլ նույն սիրով ու մեծ պատասխանատվությամբ է վերաբերում իր գործին։ Ժամանակները փոխվել են, ամեն ինչի որակը` ընկել : Քանի դեռ կոշիկի որակն այն չէ, մարդիկ ստիպված են հինը նորոգման տալ, ուստի գործը չի վերջանում: Քաղաքի տարբեր ծայրերից հավատարիմ հաճախորները բերում, թողնում են կոշիկները, «էլ տեղ չունեմ, չէ, չեմ կարող սարքել» ասել էլ չի կարողանում: Առողջական խնդիրների պատճառով գործը դանդաղում է, նույնիսկ իր համար կարած կոշիկը չի կարողանում հասցնել ավարտին: Վստահելի է: Եթե վարպետ Անդրանիկի մոտ թողնես կոշիկներդ և 2 տարի հետո գնաս, ուզես` կտա. այդպես հաճախ է եղել: Ցավով է մտաբերում հոր` անկատար թողած երազանքը. տեսնել, վայելել որդու զավակներին ու նոր մեռնել։ Վարպետը 4 զավակ ունի, հպարտանում և ապրում է նրանցով: Տղաներից մեկն այստեղ է, մյուս երկուսը` օտար հողում, իսկ կինը նրա` արդեն 30 տարիների անբաժան ընկերն է ոչ միայն կյանքում, այլև գործի մեջ: Մութ ու ցուրտ տարիներին օգնել է ամուսնուն, վերանորոգել, կարել կոշիկներ: Կնոջ նկատմամբ մեծ սերն Անդրանիկն արտահայտում է մի յուրատեսակ ձևով․ հատուկ նրա համար սանդալներ է կարում, ոտքերը խնդրահարույց են, հանկարծ չցավան: Վարպետի ձեռքի աշխատանքները հասել են մինչև Ռուսաստանի հեռու-մոտիկ շրջաները: Կոմունիստների ժամանակ կյանքն ուրիշ էր: Գնացքով կարողանում էր գնալ, հետ գալ, տոմսերն էժան էին, հիմա այդ հնարավորություններն էլ չկան: Անդրանիկի մի քանի մետրանոց արհեստանոցում գրեթե շարժվելու տեղ չկա. փոքր է: Արհեստանոցի պատերին փակցված են խորհրդանշական տարբեր իրեր` փայտից պատրասված փոքր զենքից մինչև մոնոպոլիա խաղի թղթադրամ: Ամեն ինչ հին էև մաշված. կարի մեքենան, գոգնոցը, գործիքները: Սակայն ոսկի ձեռքերը երբեք չեն մաշվում: Ինչպես կոշկակարն է ասում. «Մի անգամ իր մոտ կոշիկ բերողը, հաջորդ անգամ ուրիշի մոտ չի տանի»: Իր ձեռքի աշխատանքները կոպեքներով վաճառում է, ուրիշները գին են բարձրացնում, վերավաճառում: Վարպետի թաքուն երազանքներից մեկն է ունենալ սեփական մեծ արհեստանոց: Ոմանք գալիս են, տեսնում հին արհեստանոցը և գործին էլ չեն նայում. վստահություն չի ներշնչում: Տանը սիրելի հայր ու ամուսին է, արհեստանոցում` հմուտ կոշկակար, բակում էլ` հարգված հարևան և լավ ընկեր: Շենքի երեխաների ձեռքին ծխախոտ տեսնելիս սիրտը ցավում է, սաստում է նրանց, բայց ապարդյուն. «Պակալենի ա փոխվում, էրեխեք կան բան էս ասում, չեն հասկանում, ասում եմ արի սովորացնեմ, փեշակ ունեցիր, հաց վաստակիր, ասում ա՝ «ի՞նչքան էս մեզ փող տալու»: Մինչև կեշգիշեր վառ է վարպետի արհեստանոցի լույսը, որը նաև ընկերների հավաքատեղին է, աշխարհը քննարկելու, հին օրերը մտաբերելու մի ուրույն վայր։
Սվետլանա Մարտիրոսյան
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ