• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

11000 տարեկան հայկական աստղադիտական մշակույթ․ Զորաց Քարերը բազմաշերտ են

ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու Հայկ Մալխասյանը Զորաց Քարեր հուշարձանի տեղազննությամբ ուրվագծել է, որ այն բազմաշերտ է: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Շերտերը վերաբերում են Քրիստոսից առաջ 9000, 5800 և 2341 թվականներին և առանձնահատուկ նշելի է, որ հուշարձանը շահագործել են միևնույն մշակույթի կրողները: Ընդհանուր առմամբ, հուշարձանում ակնառու է 11 000 տարեկան հայկական աստղադիտական-օրացուցային-կրոնածիսական մշակույթը որպես մեկ ամբողջություն: Կարևոր բացահայտումներից է նաև հուշարձանի կառուցվածքային և բովանդակային կապը 4-րդ հազարամյակի Քեթիի քրեղանի զարդապատկեր օրացույցի միջև»,- ասել է Հայկ Մալխասյանը:

Ստացված արդյունքները կարևոր, փաստացի աստղադիտական, դիտողական տվյալների հիմնարար ուղեցույց-հենք են հայկական տոմարական-օրացուցային, դիցաբանական, հնագիտական, ազգագրական, ինչպես նաև պատմական անհիշելի անցքերի ուսումնասիրությունների համար։

Զորաց քարեր 2.jpg (105 KB)

«Արդյունքներն առավելապես նշանակալի արձագանք են ստանում հայ գիտական հանրության, մասնավորապես, հայագիտության բնագավառով հետաքրքրվող գիտնականների շրջանում: Այս ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ մի հոդված՝ «On «Observational Instruments» composed of Stones No. 12, 13 and 14 of «Zorats Qarer» Monument», արժանացել է մրցանակի հայագիտության ոլորտում տպագրված հոդվածների մրցույթում»,- նշել է Հայկ Մալխասյանը:

Հետազոտության հիմնական արդյունքները տպագրվել են «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ» (ComBAO) գրախոսվող գիտական պարբերականում (անգլերեն), Վենետիկի «Բազմավէպ» գիտական պարբերականում, ինչպես նաև միջազգային որոշ գիտաժողովների նյութերում:

Զորաց քարեր 4.jpg (102 KB)

Ուսումնասիրությունները կատարվել են Բյուրականի աստղադիտարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում: