• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Քրեական ենթամշակույթի քարոզող ֆիլմերի համար կսահմանվի ժամային սահմանափակում

Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումների ցուցադրման համար կսահմանվի ժամային սահմանափակում, ցուցադրումը կթույլատրվի միայն ժամը 00:00-06:00-ն:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Հովհաննիսյանը:

Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2020 թվականին օրենսդիրը Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով հստակ արձանագրել է քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությունը հասարակական անվտանգության, պետության կողմից սահմանված վարքագծի համար պարտադիր կանոնների պահպանման վրա: Պատգամավորը կարևորեց արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները՝ որքանով որ այս պահին թույլ են տալիս օրենսդրությունն ու տեխնոլոգիան:

«Ցավոք, այսօր հաճախ հեռուստառադիոեթերում կարող ենք հանդիպել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի, սերիալների կամ տեսալսողական հաղորդումների: Քրեական ենթամշակույթի բաղադրատարրեր պարունակող տեսալսողական հաղորդումները, որտեղ  հերոսացվում, դրական կերպար են ստանում  քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների կերպարները, միանշանակ ազդում են անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման վրա»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ նման հաղորդումները պարունակում են գռեհկաբանություն ու հայհոյախոսություն, քարոզում են անբարո ապրելակերպ, նսեմացնում են կրթության ու դաստիարակության դերը: «Նախագծով առաջարկում ենք քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող տեսալսողական արտադրանքի համար ևս սահմանել ժամային սահմանափակում՝ թույլատրելով ցուցադրել միայն ժամը 00:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում»,-նշեց Հովհաննիսյանը:

 Սրանով պատգամավորները ցանկանում են նվազեցնել քրեական ենթամշակույթի ազդեցությունը հանրային հարաբերությունների, հատկապես անչափահասների դաստիարակության վրա:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ օրենքը բոլոր հարցերը չի լուծում, սակայն պետք է քայլ անել:  Նա կարևորեց վատ բարքերի քարոզն արգելելը: