• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Արբանյակ՝ անտառտնտեսությունից․ Ճապոնիան տիեզերք կուղարկի աշխարհում առաջին փայտե սարքը

Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի գիտնականները անտառների վերամշակմամբ զբաղվող Sumitomo Forestry կորպորացիայի հետ միասին ստեղծել են աշխարհում առաջին արբանյակը, որը պատրաստված է փայտից: Այն կոչվում է LignoSat, և նախատեսվում է SpaceX հրթիռով տիեզերք արձակել այս տարի:

Արբանյակի մշակումը տևել է չորս տարի, աշխատանքներն սկսվել են 2020-ի ապրիլին։

Ինչպես տեղեկացնում է Japantimes.co.jp-ը՝ արբանյակի չափերը կազմում են մոտ 100 x 100 x 100 մմ, իսկ պատի հաստությունը՝ 4-5,5 մմ: Սարքը պատրաստված է մագնոլիայի փայտից, որն ընտրվել է իր ամրության և արտադրական որակի համար: Գիտնականները նաև փորձարկել են բալի և կեչի, բայց, ի վերջո, ընտրել են մագնոլիան: Փայտը ստացվել է Sumitomo Forestry-ից:

Արբանյակը հավաքվել է փայտամշակման ճապոնական ավանդական տեխնոլոգիայի կիրառման միջոցով՝ առանց ամրացումների կամ սոսնձի օգտագործման։ Կոնստրուկցիան, իհարկե միայն փայտից չէ, կան նաև մի քանի ալյումինե մասեր, ինչպես նաև արևային մարտկոցներ։ Արբանյակի ընդհանուր քաշը ընդամենը 1 կգ է։

Գետնի վրա փորձարկումները հաստատել են, որ արբանյակում պարունակվող փայտը որևէ վնասակար ազդեցություն չի ունենա տիեզերագնացների առողջության և անվտանգության, ինչպես նաև ճշգրիտ սարքավորումների և օպտիկական բաղադրիչների վրա:

LignoSat նախագիծը նպատակ ունի պայքարել տիեզերական աղբի դեմ և խթանել տիեզերքում ավելի կանաչ գործունեությունը: Ներկայիս միջազգային կանոնակարգերը պահանջում են, որ առաքելության ավարտից հետո արբանյակները վերադարձվեն մթնոլորտ և չդառնան տիեզերական աղբ: Սովորական արբանյակները օդի աղտոտման վտանգ են ներկայացնում մետաղական մասնիկների պատճառով, որոնք արտադրվում են մթնոլորտ մտնելու ժամանակ: Ենթադրվում է, որ փայտե արբանյակն ամբողջությամբ կվառվի մթնոլորտում Երկիր վերադառնալիս:

Գործարկումից հետո վեց ամսվա ընթացքում տվյալներ կհավաքվեն արբանյակի կառուցվածքում կիրառված փայտի վիճակի (ընդարձակման և կծկման) մասին, ներքին ջերմաստիճանի, գեոմագնիսականության և էլեկտրոնային սարքավորումների աշխատանքի մասին: Տվյալները, որոնք ստացվել են Կիոտոյի համալսարանի կապի կայանի կողմից, հիմք կդառնան երկրորդ արբանյակի՝ LignoSat-2-ի ստեղծման համար:

Sumitomo Forestry-ն նաև կուսումնասիրի արդյունքները՝ հասկանալու համար, թե ինչպես է փայտը քայքայվում նանո մակարդակում, նպատակ ունենալով մշակել տեխնոլոգիաներ, որոնք կկանխեն փայտի քայքայումը և ստեղծել դրա կիրառման նոր եղանակներ՝ ներառյալ շենքերի արտաքին տեսքի համար կիրառվող բարձր ամրության նյութերում: