• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

ԱՄՆ կիրառած առևտրային սահմանափակումները վտանգավոր են համաշխարհային տնտեսության համար․ ԱՄՀ

Այլ երկրների նկատմամբ Միացյալ Նահանգների իշխող վարչակազմի կողմից կիրառվող առևտրային սահմանափակումները վտանգներ են ներկայացնում համաշխարհային տնտեսության համար: Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում:

«Առևտրային սահմանափակումների շարունակական ամրապնդումը և ազգային առևտրային շահերին ծառայեցնելու նախապատվությունների ավելացումը օտարերկրյա ընկերությունների դեմ աճող վտանգ է ներկայացնում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ համաշխարհային տնտեսությունների համար: Միացյալ Նահանգները պետք է ակտիվորեն ներգրավվի իր հիմնական առևտրային գործընկերների հետ՝ լուծելու հիմնական խնդիրները, որոնք կարող են խաթարել համաշխարհային առևտրի և ներդրումային համակարգը»,– նշում են զեկույցի հեղինակները:

Նրանց կարծիքով՝ մաքսատուրքերը և առևտրային խոչընդոտները «ճիշտ լուծում չեն, քանի որ դրանք խեղաթյուրում են առևտրի և ներդրումային հոսքերը և սպառնում են խաթարել բազմակողմ առևտրային համակարգը, մատակարարման համաշխարհային շղթաները և հրահրում են առևտրային գործընկերների պատասխան գործողությունները»:

«Այսպիսի քաղաքականության վարումն, ի վերջո, վնասում է ԱՄՆ-ի տնտեսական աճին, արտադրողականությանը և աշխատաշուկայի կատարողականին: Ապացուցված է, որ դրանց հետևանքները հիմնականում կրում են ԱՄՆ սպառողները և բիզնեսները»,- նշել են ԱՄՀ-ից:

Հիմնադրամի փորձագետները խորհուրդ են տալիս Միացյալ Նահանգներին լիովին մասնակցել Առևտրի համաշխարհային կազմակերպության ամրապնդմանն ուղղված ջանքերին:

Բացի այդ, ինչպես նշվում է զեկույցում, ԱՄՆ-ում գնաճի շուրջ ստեղծված իրավիճակը «կապված է լուրջ ռիսկերի հետ», դրան էլ գումարվում է աշխարհաքաղաքական լարվածության աճը:

Միևնույն ժամանակ, ԱՄՀ-ն վերանայել է ընթացիկ տարվա ԱՄՆ ՀՆԱ-ի աճի իր ապրիլյան կանխատեսումը, որն այժմ գնահատվում է 2.6%՝ նախկին 2.7%-ի փոխարեն, իսկ 2025 թվականի ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 1.9%: