• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Գործազրկության մակարդակն աճել է՝ հասելով 15.5 տոկոսի

Վերջին ամիսների ընթացքում աշխատանքի շուկայի պայմանները շարունակել են թուլանալ. Ըստ 2024 թվականի առաջին եռամսյակի տնային տնտեսությունների աշխատուժի հետազոտության արդյունքների` գործազրկության մակարդակն աճել է՝ կազմելով 15.5%: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի կենտրոնական բանկից:

Հաշվի առնելով գործազրկության մակարդակի շուրջ առկա անորոշությունները՝ կարևոր է մշտադիտարկել վերջինից բխող հնարավոր սցենարային հետևանքները։ Մի կողմից՝ վերջինս կարող է մեկնաբանվել որպես տնտեսությունում պահանջարկի պայմանների թուլացման գործոն: Մյուս կողմից՝ պաշտոնապես գրանցված աշխատողների թվաքանակը (ըստ ՊԵԿ տվյալների բազայի) շարունակել է աճել:

Սա կարող է վկայել տնտեսությունում աշխատանքի շուկայի ավելի խիստ պայմանների առկայության մասին՝ տնային տնտեսությունների աշխատուժի հետազոտության արդյունքների համեմատությամբ: Այս համատեքստում, որպես այլընտրանքային մեկնաբանություն, գրանցված աշխատողների թվաքանակի աճը կարող է ենթադրել աշխատանքի շուկայի ստվերային հատվածի աստիճանական նվազում և պաշտոնական զբաղվածության աճ:

Վերջին ամիսներին մասնավոր աշխատավարձերի աճի շարունակական դանդաղումը ևս տնտեսությունում աշխատանքի շուկայի պայմանների թուլացման կարևոր ազդակ է: Այսպես, 2024 թվականի մայիսին մասնավոր աշխատավարձերի աճը շարունակել է դանդաղել՝ կազմելով տ/տ 5.4%:

Միաժամանակ, տնտեսությունում աշխատավարձերի աճի կենտրոնացվածությունը որոշ ճյուղերում և տնտեսության մյուս հատվածներում աշխատավարձերի աճի շարունակական ճշգրտումները կարող են մեկնաբանվել որպես աշխատաշուկայից եկող ճնշումների էական թուլացման կամ չեզոքացման ազդակներ: Միջնաժամկետում ու երկարաժամկետում աշխատաշուկայի պայմանների և շուկայից բխող գնաճային ճնշումների հետագա թուլացման աղբյուր կարող է լինել նաև աշխատուժի առաջարկի հնարավոր լրացուցիչ ավելացումը:

Այստեղ հիմնական անորոշությունը կապված է ՀՀ աշխատաշուկային ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության ինտեգրման արագության, ինչպես նաև դեպի ՌԴ ՀՀ աշխատանքային միգրանտների հոսքի նվազման և ներքին տնտեսությունում աշխատանքի շուկային մասնակցության հնարավորության հետ:

Մյուս կողմից՝ վերջին ամիսներին նկատվում է ՀՀ աշխատաշուկայում ոչ ռեզիդենտ զբաղվածների թվաքանակի որոշակի նվազում: Նմանատիպ միտումների պահպանումը կամ արագացումը կարող է բացասական հետևանքներ ունենալ ինչպես տնտեսությունում աշխատուժի առաջարկի, այնպես էլ ներուժային ՀՆԱ-ի վրա:

2024 թ-ի երկրորդ եռամսյակում տնտեսությունում թույլ գնաճային միջավայրը պահպանվել է՝ պայմանավորված համաշխարհային տնտեսությունից փոխանցվող թույլ գնանկումային ազդեցություններով, ինչպես նաև համախառն պահանջարկի որոշակի թուլացմամբ:

Այս իրավիճակում, 2023 թվականի ապրիլից 12-ամսյա գնաճը պահպանվել է թիրախից ցածր մակարդակում՝ 2024 թվականի հունիսին կազմելով 0.8%: Հարաբերականորեն կոշտ գներով բնութագրվող ոչ արտահանելի ապրանքների գնաճը, որը հիմնականում բնութագրում է ներքին պահանջարկով պայմանավորված գների վարքագիծը, պահպանվել է համեմատաբար կայուն մակարդակում՝ հունիսին կազմելով տ/տ 2.3%: Զուգահեռաբար, արտաքին պահանջարկի հետ կապված ծառայությունների գնաճը շարունակել է նվազել՝ արտահայտելով պահանջարկի աճի դանդաղման միտումները: Այնուամենայնիվ, տնային տնտեսությունների գնաճային սպասումների հետ կապված անորոշությունները դեռևս պահպանվում են: