• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Հայաստանը պատրաստ է կամրջել Եվրոպան և Կենտրոնական Ասիան. Փաշինյանի ելույթը՝ «Գլոբալ դարպասներ» համաժողովին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությամբ հաստատմամբ և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առկա դրական դինամիկայի համատեքստում իրականություն է դառնում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ունենալով ոչ միայն Հարավային Կովկասի, այլ ավելի լայն տարածաշրջանի դինամիկան փոխելու ներուժ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Գլոբալ դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ։   

«Շատ խորհրդանշական է, որ «Գլոբալ դարպասներ» առաջին ֆորումի ժամանակ Հայաստանը ներկայացրեց իր նոր «Խաղաղության խաչմերուկ»՝ նախաձեռնությունը Հյուսիս-Հարավ և Արևմուտք-Արևելք կապի կարևոր հաբ դառնալու տեսլականով։ 

Լինելով փոքր երկիր՝ մենք շատ լավ հասկանում ենք  ներառական և արդար կապակցվածության բոլոր օգուտները, քանի որ կապակցվածության պակասը եղել է Հայաստանի զարգացման, տնտեսական աճի և տարածաշրջանային ինտեգրման հիմնական խոչընդոտը։ Ես ուրախ եմ հաղորդել, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում դրական դինամիկայով «Խաղաղության խաչմերուկ»-ի մեր գաղափարը իրականություն է դառնում՝ ունենալով ոչ միայն ամբողջ Հարավային Կովկասի, այլև շատ ավելի լայն տարածաշրջանի դինամիկան փոխելու ամբողջական ներուժ»,- ասել է ՀՀ վարչապետը։ 

Փաշինյանը հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են հասել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ՝ հիմնված տարածքային ամբողջականության, սուվերենության, սահմանների անխախտելիության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա։ 

Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանը և Միացյալ Նահանգները միասին հաստատած երրորդ կողմերի հետ կիրականացնեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որը նշանակալի ազդեցություն կունենա տարածաշրջանի և դրանից դուրս կապակցվածության բարելավման վրա`«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը համապատասխան։ 

«Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ մեր տարածաշրջանը քաղաքական և լոգիստիկ առումով պատրաստ է բացել իր չօգտագործված ներուժը,  ինտեգրվել ավելի լայն անխոչընդոտ կապին Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև»,- նշել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ «Թրամփի ուղի»-ն խոստումնալից ներդրումային նախագիծ է, որը ենթադրում է համագործակցության բազմաթիվ հնարավորություններ ։ 

Փաշինյանն անդրադարձել է նաև Եվրամիության աճող ներգրավվածությանը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է կամրջել այս տարածաշրջանները` նպաստելով ոչ միայն ենթակառուցվածքային կապերի զարգացմանը, այլ նաև թվային և էներգետիկ ոլորտներում փոխգործակցությանը ։  

Եզրափակելով ելույթը՝ վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել։ Նա հավելել է, որ այս աճող գործընկերությունը յուրահատուկ հնարավորություններ է ստեղծում, որպեսզի Հայաստանն ավելի խորը և ռազմավարական ներգրավվածություն ունենա այնպիսի նախագծերում, ինչպիսիք են «Գլոբալ դարպասները», «Սևծովյան տարածաշրջանի ռազմավարությունը», Միջին միջանցքը, «Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցը» և այլն։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  «Գլոբալ դարպաս» համաժողովին մասնակցել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հրավերով։